Մարտի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոմքենայի վրա Միքայել անունով դպրոցական է թքել, ինչից հետո ձերբակալվել է, 2 օր անց՝ մարտի 31-ին, ազատ արձակվել, տեղեկանում ենք իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանի էջից։
Մելիքյանը հայտնել է, որ տղան Երևանի Էրեբունի համայնքից է։ Նրա խոսքով՝ տղան այդ արարքին է դիմել աղբը թափելիս, երբ նկատել է Փաշինյանի ավտոշարասյունը։
«Տղային հարցրել են՝ ինչո՞ւ ես այդպես արել: Ի պատասխան ասել է՝ թուրքը ծախել է մեր հողերը»,- ասել է Մելիքյանը։
Իրավապաշտպանը հավելել է, որ տղային ձերբակալել են խուլիգանության հոդվածով՝ խուլիգանություն համարել ոչ միայն արարքը, այլև «թուրքը ծախել է մեր հողերը» արտահայտությունը։
Դեպքը մարտի 29-ին Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերից երկրորդն է։ Մելիքյանի փոխանցմանբ՝ սա տեղի էր ունեցել Սուրբ Աննա եկեղեցում կատարվածից ժամեր անց։ Պատարագին, երբ Փաշինյանն անվտանգության աշխատակիցների և մյուս պաշտոնյաների ուղեկցությամբ փորձում էր հեռանալ եկեղեցուց՝ պատարագը չավարտված, 18-ամյա Դավիթ Մինասյանը Փաշինյանին ասել էր, որ «ինքն ուզում է մեջտեղում կանգնել», ինչից հետո քաշքշոց էր սկսվել։ Դեպքի առնչությամբ 3 մարդ էր ձերբակալվել, Դավիթը, երկվորյակ եղբայր Միքայել Մինասյանը և «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր Գևորգ Գևորգյանը։ Վերջիններս գրավ ու բացակայելու արգելքի հիմքով ազատ էին արձակվել, իսկ Դավիթի հարցը դեռ քննվում է։



































