Ոսկու գինը վերջին օրերին մնացել է համեմատաբար կայուն՝ շուրջ 5000 դոլար մեկ ունցիայի համար մարտի 24-ի առավոտյան դրությամբ, գրում է Al Jazeera-ն:
Պարբերականն իր վերլուծականի մեջ նշում է, որ սովորաբար տնտեսական ճգնաժամերի ժամանակ ոսկու գներն արագ աճում են, քանի որ ներդրողները փնտրում են «անվտանգ հանգրվաններ» իրենց գումարները պահպանելու համար, հատկապես՝ գլոբալ հակամարտությունների ժամանակ։
Տնտեսագետ Ջեյմս Միդվեյը նշում է, որ վաճառողներն սպասում են, որ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը կդադարեցնի տոկոսադրույքների կրճատումը կամ նույնիսկ կարող է բարձրացնել դրանք՝ տնտեսական ճնշման պատճառով։ Սա դարձնում է դոլարային ակտիվներն ավելի գրավիչ, իսկ ոսկին, որը տոկոս չի տալիս, ավելի քիչ հետաքրքիր, և այդ իսկ պատճառով էլ դրա արժեքը կայուն է այսօր:
Բացի այդ, պարբերականը հիշեցնում է, որ ոսկու գինն արդեն կտրուկ աճ էր արձանագրել, ինչը նվազեցնում է պատերազմին արձագանքի ազդեցությունը։
Ըստ տնտեսագետների՝ ներկայում ոսկին այնքան էլ անվտանգ «համոզիչ պաշտպանություն» չէ, որքան նախկինում էր: Նրանք պարբերականի հետ զրույցում նշել են՝ երկարատև պատերազմի դեպքում և վնասների աճի հետ ոսկին կարող է դառնալ ավելի գրավիչ։






































