Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, բժիշկները փորձում են կայունացնել նրա վիճակը, լրագրողներին ասել է Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքական աթոռի տեղապահ, Սենակիի և Չխորոծկու մետրոպոլիտ Շիոն Մուջիրին:
«Բժիշկներն անում են հնարավոր ամեն ինչ և ուշադիր հետևում են կաթողիկոս-պատրիարքի առողջական վիճակին: Մենք հույս ունենք առողջական վիճակի բարելավման, և Աստծո օգնությամբ այդպես էլ կլինի»,- ասել է մետրոպոլիտը:
Լրատվամիջոցների համաձայն՝ Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը գիշերը տեղափոխվել է Թբիլիսիի «Կովկաս» բժշկական կենտրոն: Ներկայումս նա միացված է արհեստական շնչառության սարքին:
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին այցելել է կլինիկա: Ավելի ուշ նա հայտարարել է, որ պատրիարքը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը ծանր է, բայց ինտենսիվ բուժում է ստանում:
«Մենք բոլորս պետք է հույսներս չկորցնենք և աղոթենք, որ ամեն ինչ լավ ավարտվի, որ պատրիարքն ապաքինվի և վերադառնա մեզ մոտ»,- ասել է Կավելաշվիլին:
Sputnik Грузия-ի տեղեկություններով՝ բժիշկները շտապ խորհրդակցություն են հրավիրել՝ քննարկելու Իլյա II-ի վիճակը։ Ավագ քահանա Ալեքսանդրի խոսքով՝ այս փուլում արտասահմանից բժիշկներ բերելու կամ պատրիարքին այլ երկիր տեղափոխելու ծրագրեր չկան։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ևս ժամանել են հիվանդանոց։





























