Ռուսաստանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները նույն շահերն ունեն ռուսական նավթի արտահանման սահմանափակումների մեղմացման հարցում, ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի որոշումը՝ ժամանակավորապես ազատել ռուսական նավթային գործարքները պատժամիջոցներից, կապված է համաշխարհային էներգետիկ շուկայի կայունացման ջանքերի հետ։ Պեսկովը նշել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը նույն շահերն ունեն այս հարցում։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նախկինում թույլատրել էր նավերի վրա բեռնված ռուսական նավթի և նավթամթերքի վաճառքը մինչև մարտի 12-ը։ Լիցենզիան ուժի մեջ է մինչև ապրիլի 11-ը և թույլ է տալիս գործարքներ, որոնք կապված են նման նավթի վաճառքի, մատակարարման կամ բեռնաթափման հետ։ Սակայն լիցենզիան չի տարածվում Իրանի հետ կապված գործարքների վրա, նշել է կայքը։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ որոշումը կայացվել է համաշխարհային շուկաներում նավթի գներն իջեցնելու համար՝ մատակարարումը մեծացնելով։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանն էականորեն չի շահի պատժամիջոցների ժամանակավոր մեղմացումից։
ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի խոսքով՝ մեղմացումները կվերաբերեն տարանցիկ մոտ 100 միլիոն բարել ռուսական նավթի։ Նա հավելել է, որ այս քայլը փաստացիորեն հաստատում է ռուսական նավթի կարևորությունը համաշխարհային էներգետիկ շուկայի կայունության համար։





































