Ազգային ժողովի նախագահի պաշտոնին հավակնող «Քաղաքացիական պայմանագրի» անդամների թիվն ավելանում է, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Ներկուսակցական ընտրությունների առաջին փուլում կանանց ցուցակում 5-րդ տեղն զբաղեցրած, ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը, ըստ թերթի, վերջերս ընկերական շրջապատում ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց իրեն է տեսնում հաջորդ գումարման խորհրդարանի ղեկավարի դերում:
Սակայն, թերթի տվյալներով, ԱԺ նախագահի պաշտոնի համար այլ հավակնորդներ ևս կան՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որոնք առաջին փուլում ոչ միայն Մակունցից, այլև գործող խոսնակ Ալեն Սիմոնյանից ավելի շատ ձայներ էին ստացել:
Իշխող կուսակցությունը փետրվարի 13-15-ը կուսակցության կենտրոնական գրասենյակում անցկացրել էր ներկուսակցական ընտրությունների առաջին փուլը, որին մասնակցել էր շուրջ 1100 պատվիրակ: Նրանք 276 անձից բաղկացած ցուցակից ընտրել էին 50-ական թեկնածու:
Քվեարկության արդյունքներով ձևավորվել է նախնական վարկանիշային ցուցակը՝ ձայների նվազման կարգով: ՔՊ-ում երկրորդ փուլի քվեարկությունը նշանակված է մարտի 27-28-ը: Այս փուլում պատվիրակները 50 թեկնածուից կընտրեն վարչապետի թեկնածուին և կորոշեն ցուցակի վերջնական հերթականությունը, ներառյալ՝ խորհրդարանի նախագահի և այլ պաշտոնների հավանական թեկնածուների տեղերը:





































