«Խաղաղության խորհրդի» անդամ երկրները մտադիր են հայտարարել Գազայի հատվածի վերականգնման և հումանիտար ծրագրերի համար ավելի քան 5 միլիարդ դոլար հատկացնելու մասին, Truth Social հարթակում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ըստ նրա՝ համապատասխան հայտարարությունը կհնչի խորհրդի առաջին պաշտոնական նիստի ժամանակ, որը տեղի կունենա փետրվարի 19-ին՝ Թրամփի Խաղաղության ինստիտուտում։
Սպասվում է ավելի քան 20 երկրի պատվիրակությունների մասնակցություն, այդ թվում՝ պետությունների ղեկավարների մակարդակով։
ԱՄՆ նախագահը նշել է, որ մասնակից երկրները պատրաստ են հազարավոր աշխատակիցներ ուղարկել պաղեստինյան անկլավ՝ ՄԱԿ-ի կողմից արտոնված կայունացման ուժերի և տեղական ոստիկանության կազմում ընդգրկվելու համար։
Հայաստանը հունվարի 22-ին դարձել էր 19 երկրից մեկը, որոնք ստորագրել էին «Խաղաղության խորհրդի» ստեղծման մասին փաստաթուղթ։
Թրամփի նախաձեռնությունը ենթադրում է միջազգային հարթակի ձևավորում Գազայի հակամարտության կարգավորման համար՝ հետագայում մանդատն այլ ճգնաժամերի վրա տարածելու հնարավորությամբ։
«Խաղաղության խորհրդի» ստեղծումն արժանացել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությանը՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի դադարեցման՝ Թրամփի վարչակազմի պլանի շրջանակում։ Թեև հրադադարի ռեժիմն ուժի մեջ էր մտել 2025 թվականի հոկտեմբերին, կողմերը պարբերաբար միմյանց մեղադրում են դրա խախտման մեջ։
Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ զինադադարի հաստատումից ի վեր անկլավում զոհվել է ավելի քան 590 պաղեստինցի, իսկ Իսրայելը հայտնել է նույն ժամանակահատվածում իր 4 զինծառայողի մահվան մասին։



























