Հակակոռուպցիոն կոմիտեն մեկնաբանել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին ու ևս մեկ նախկին պաշտոնատար անձի նկատմամբ մեղադրանք առաջադրելու մասին ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը։
Գերատեսչությունից Armenia Today-ին հայտնել են, որ «Մարտի 1»-ի քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել երկու նախկին պաշտոնատար անձի նկատմամբ։
Կառույցից մանրամասնել են, որ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց իրականացնող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոններն զբաղեցրած անձանց:
Գերատեսչության հաղորդագրության մեջ մեղադրյալների անունները չեն նշվում, սակայն տվյալ ժամանակահատվածում այդ պաշտոններն զբաղեցրել են Մելքոնյանը և Օսիպյանը, որը նաև 2018-19 թվականներին ՀՀ ոստիկանապետն էր։
Օսիպյանն ու կինը՝ Լուսինե Թադևոսյանը, հունվարի 19-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն ներկայանալու ծանուցագիր էին ստացել։




























