Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հայտնել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։

ԱՄՆ փոխնախագահին դիմավորել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը։ Նա Վենսին և նրա տիկնոջն ուղեկցել է հուշահամալիրի տարածքով՝ ներկայացնելով ստեղծման պատմությունը։

ԱՄՆ փոխնախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը։

Գզոյանը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նաև հարգանքի տուրք է զոհերի հիշատակին։
Այցի ավարտին Ջեյ Դի Վենսը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում։

«Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին ձգտեն խաղաղության և փոխըմբռնման ապագայի»,- գրել է նա հուշամատյանում։
Վենսի ինքնաթիռը վայրէջք էր կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում փետրվարի 9-ի կեսօրին։ ԱՄՆ փոխնախագահին դիմավորել էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Վենսի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ստորագրվել էր երկու երկրների միջև միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին հայտարարություն։




































