WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան, հայտնում է մեդիա նախագիծը Telegram-ում։
Նախաձեռնությունը Հայաստան մուտքի արգելքը կապել է 2020 թվականին Արցախ այցելելու հետ։ Ըստ նախագծի՝ արցախցի փախստականների, ադրբեջանական բանտերում գերի վերցված հայ զինվորների և Բաքվում դատվող արցախցի քաղաքական և հասարակական գործիչների թեման, որին անդրադառնում է նախագիծը, սպառնալիք է ներկայացնում Հայաստանի իշխանությունների համար, որոնք զգուշորեն լռում են այդ մասին։
«Արգելքը սահմանվեց՝ չնայած այն հանգամանքին, որ Սեմյոն Պեգովը և մեր թիմի անդամները, այդ թվում՝ Դմիտրի Սելեզնյովը, աշխատել են Արցախում 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, և մեր նախագիծը շատ ժողովրդականություն է վայելում հայ ժողովրդի շրջանում»,- ասվում է հայտարարության մեջ։
2025 թվականի նոյեմբերին նախագծի թղթակից Սելեզնյովին արգելել էին մուտք գործել Հայաստան։
Նախագիծը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) պատասխան է ստացել, որում մեջբերել են «Օտարերկրյա անձանց մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի գ) և ե) կետերը։ Դրանցում նշվում է, որ ՀՀ մուտքը կարող է մերժվել, եթե կան հավաստի ապացույցներ, որ անձն անդամակցում է այնպիսի կազմակերպության, որն սպառնալիք է ներկայացնում պետական անվտանգությանը, սահմանադրական կարգին կամ Հայաստանի պաշտպանունակությանը, կամ զբաղվում է նման գործունեությամբ։
«Սա, կարծես, արգելք է WarGonzo նախագծի այցելության համար Հայաստան, քանի որ Սելեզնյովն իր լրագրողական աշխատանքն է իրականացնում մեր կազմակերպության շրջանակներում»,- հավելել են նախագծից։





































