Վերաքննիչ դատարանն այսօր՝ փետրվարի 6-ին, հրապարակեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը վերացնելու փաստաբանների միջնորդության վերաբերյալ որոշումը՝ նրա նկատմամբ կիրառելով տնային կալանք։
Եկեղեցականի պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել կալանքը վերացնելու վերաբերյալ՝ հաշվի առնելով արքեպիսկոպոսի վիճակը, նրա փետրվարի 10-ին նախատեսված երկրորդ վիրահատությունը և կալանավայր վերադառնալու հետ կապված վտանգները։
Աջապահյանը 2025 թվականի հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար։ Նա չի ընդունում մեղադրանքը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դեկտեմբերի 15-ին հայտնել էր, որ Շիրակի թեմի բանտարկված առաջնորդին դեկտեմբերի 16-ին կտեղափոխեն «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ նրան կվիրահատեն: Աջապահյանը վիրահատվել էր դեկտեմբերի 26-ին։





































