2022-2023 ուսումնական տարվանից հետո ռազմաուսումնական հաստատությունում ուսանած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած զինծառայողներն արտոնյալ պայմաններով սեփականության իրավունքով բնակարանի սերտիֆիկատ կստանան։ Որոշումն ընդունվել է կառավարության փետրվարի 5-ի նիստում։
Ըստ նախագծի՝ ձեռք բերված բնակարանի կամ բնակելի տան վարկը, կանխավճարը, մայր գումարը և տոկոսներն ամբողջությամբ մարվելու են պետական բյուջեի միջոցների հաշվին։
Պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանի խոսքով՝ ՊՆ-ում կամ ԱԱԾ սահմանապահ զորքերում ծառայողները հնարավորություն կունենան ընտրել իրենց բնակարանը կամ բնակելի տունն առաջնային կամ երկրորդային շուկայից։
«Այն կհաշվարկեն Երևանում 80 քմ տարածքով բնակելի անշարժ գույքի արժեքով, որն այս պահի դրությամբ կազմում է 35 միլիոն դրամի չափով և հնարավորություն կունենա այս գույքը ձեռք բերել ոչ միայն Երևանում, այլև մարզերում»,- նշել է փոխնախարարը։
Մինչ այս սպաներին տրվում էին պատրաստի երեք սենյականոց բնակարաններ Երևանում՝ 75-80 քմ մակերեսով։ Խնդիրը կապված էր վերջին տարիներին բնակարանային շուկայի զարգացման, մասնավորապես՝ առաջարկի և պահանջարկի աճի, ինչպես նաև պատրաստի բնակարանների արժեքի բարձրացման հետ։




































