Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Աբու Դաբիում ստացան «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը: Արարողության ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-յան էջում:
Անհավատալի է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի առաջնորդները միավորվել են՝ կիսելու «Զայեդ» մրցանակը, իր ելույթում հայտարարեց Փաշինյանը:
«Սակայն այս արարողությունը միայն խաղաղության համաձայնագիրը տոնելու մասին չէ, այն նաև Հայաստանի և Ադրբեջանի կողմից փաստի հաստատում է, որ հակամարտության էջը փակ է, հակառակ դեպքում՝ անիմաստ կլիներ Ադրբեջանի նախագահի կամ ինձ համար գալ այստեղ և արժանանալ այս պատվին»,- հավելեց վարչապետը:
Նրա խոսքով՝ սա երկու ժողովուրդների մրցանակն է, ինչպես նաև միջազգային հանրության աջակցության դրսևորումը, որովհետև որոշումը կայացվել է Դատավորների կոմիտեի կողմից՝ կազմված աշխարհի տարբեր ծայրերում բնակվող անձանցից:
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկու ժողովուրդներին այն ընկալման համար, որ անցյալը փոփոխման ենթակա չէ, և այն մեր հնարավորություններից դուրս է։ Հետևաբար, մենք չենք կարող կենտրոնանալ այն բանի վրա, ինչը չենք կարող փոխել, մենք պետք է կենտրոնանք մեր ազգերի համար խաղաղ ու բարգավաճ ապագա կերտելու վրա: Կարծում եմ՝ խաղաղության համաձայնագիրը կնքվեց, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը հասկացան, որ հակամարտությունը պետք է դադարեցվի հիմա, հակառակ դեպքում՝ այն երբեք չի դադարեցվի»,- ասաց նա:
Վարչապետը նաև շեշտեց՝ հակամարտության ընթացքում շատերը մահացել են, և շատ սգացող ընտանիքներ, նրա խոսքով, հետևում են այստեղ տեղի ունեցողին: Ըստ Փաշինյանի՝ նրանցից ոմանք, հնարավոր է, այս իրադարձությունը համարեն անտեղի, բայց, ինչպես վստահեցրեց, տառապանքների շարունակությունը ոչ թեթևացում է, ոչ էլ հարգանքի նշան նրանց համար, ովքեր տառապել են:
«Խաղաղությունը բոլորի համար միակ մխիթարությունն է, խաղաղությունը զոհերի նկատմամբ ամենամեծ հարգանքն է»,- նշեց նա:
Փաշինյանը նաև հույս հայտնեց, որ «պատիվ կունենա» ներկա լինել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհելու արարարողությանը։
Ալիևն, իր հերթին, կարծիք հայտնեց, որ այս մրցանակաբաշխությունը խորհրդանշական է, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների եզրափակիչ փուլը տեղի էր ունեցել հենց Աբու Դաբիում՝ նախորդ տարվա հուլիսին:
«Մենք պատերազմի մեջ էինք ավելի քան 30 տարի։ Հիմա խաղաղության մեջ ենք վեց ամիս։ Ինչպես բազմիցս ասել եմ, մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ։ Կարող եմ ասել, որ դա յուրահատուկ զգացողություն է։ Անկախությունից ի վեր՝ խաղաղության մեջ չենք ապրել, և մենք արագ ենք սովորում»,- նշեց Ալիևը:
Նրա ներկայացմամբ՝ Վաշինգտոնում օգոստոսին կայացած գագաթնաժողովից հետո անցած վեց ամիսները գործընկերության, համագործակցության և առաջընթացի ամիսներ էին։
Այսօր ավելի վաղ Փաշինյանը և Ալիևը քննարկել էին TRIPP-ի («Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») և այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը:






































