ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակման դեպքում պատերազմը կվերաճի տարածաշրջանային հակամարտության, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, հաղորդում է Reuters-ը։
Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ տարածաշրջան նավերի տեղափոխման մասին հայտարարություններին՝ Խամենեին ընդգծել է, որ «իրանցի ժողովուրդը չպետք է վախենա դրանից»։ Նրա խոսքով՝ Իրանը որևէ երկրի վրա հարձակման նախաձեռնող չէ և չի ցանկանում պատերազմ, սակայն «իրանցի ժողովուրդն ուժեղ հարված կհասցնի յուրաքանչյուրին, ով կհարձակվի իր վրա»։
Միևնույն ժամանակ՝ Թրամփը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ վարում է «լուրջ բանակցություններ»։ ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ կողմերը «կկարողանան ընդունելի ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել»։
«Հնարավոր է հասնել բավարար համաձայնության՝ առանց միջուկային զենքի։ Նրանք պետք է դա անեն, բայց չգիտեմ՝ կանե՞ն, թե՞ ոչ»,- Թրամփի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Իրանի շուրջ իրավիճակը սրվել էր 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ երկրում սկսված բողոքի ցույցերից հետո։ ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է Իրանի դեմ ուժի կիրառման հնարավորության մասին՝ բողոքի ակցիաները կոշտ ճնշելու շարունակության դեպքում։ Հունվարին ԱՄՆ-ն հայտարարել էր Մերձավոր Արևելքում ռազմական զորավարժությունների անցկացման մասին և տարածաշրջան էր ուղարկել ավիակիրային հարվածային խումբ՝ USS Abraham Lincoln ավիակրի գլխավորությամբ։



























