ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2025 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում մանրամասն անդրադարձել է հայկական օրակարգին՝ Երևանի արտաքին քաղաքական կուրսից մինչև Հայ Առաքելական եկեղեցու շուրջ իրավիճակ և Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործ։
Խոսելով Հայաստանի հարաբերությունների մասին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ՝ Լավրովը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը և, միաժամանակ, Եվրամիության ուղղությամբ շարժվելը տեխնիկապես անհնար է՝ տարբեր ստանդարտների և կանոնների պատճառով։ Նրա խոսքով՝ Բրյուսելը խթանում է Հայաստանի նորմատիվ-իրավական բազայի վերափոխումը, այդ թվում՝ հակառուսական պատժամիջոցներին միանալու ուղղությամբ։
Լավրովը նշել է, որ ԵՄ-ի հետ վիզային լիբերալացումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Բրյուսելը ներգրավվի Հայաստանի իրավակարգի և սահմանների պահպանության ոլորտներում։ Միաժամանակ՝ նա ընդգծել է, որ վերջնական որոշումը մնում է հայ ժողովրդի վրա՝ հիշեցնելով, որ վերջին 10 տարում ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 10 մլրդ դոլարից մինչև 26 մլրդ դոլար, իսկ արտաքին առևտրի ծավալը կազմում է շուրջ 14 մլրդ դոլար։
Առանձին անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու շուրջ իրավիճակին՝ Լավրովը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին հարցազրույցներում չեն հերքել Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ «հիբրիդային սպառնալիքների» գոյությունը, այդ թվում՝ եկեղեցու հարցում։ Լավրովի խոսքով՝ նման հայտարարությունները Մոսկվայում միայն տարակուսանք են առաջացնում։ Նա շեշտել է, որ «հիբրիդային սպառնալիքների» մասին մշտապես խոսում է հենց ԵՄ-ն։
Լավրովը հիշատակել է նաև ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրված 15 մլն եվրոյի չափով տրանշը՝ վստահություն հայտնելով, որ եվրոպական բյուրոկրատիան կհետևի այդ միջոցների «արդյունավետ յուրացմանը»։ Նա անդրադարձել է նաև ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հայտարարությանը՝ Հայաստանում հնարավոր «մոլդովական սցենարի» մասին՝ նշելով, որ Մոլդովայում, Մոսկվայի գնահատմամբ, ընտրություններն ուղեկցվել են կոպիտ կեղծիքներով։
Գյումրիի քաղաքապետ Ղուկասյանի գործի վերաբերյալ Լավրովը հայտարարել է, որ նրա դեմ քրեական հետապնդումը Հայաստանի՝ Ռուսաստանի և Բելառուսի միությանը հնարավոր միանալու մասին հայտարարություններից հետո, լուրջ մտահոգություն է առաջացնում։ Նա ընդգծել է, որ խոսքը քաղաքական դիրքորոշման արտահայտման մասին է, որն ուղղված չէ երկրի ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ։ Լավրովը հույս է հայտնել, որ Հայաստանում չեն հետապնդվի այն գործիչները, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման օգտին։




































