Իրանում ընթացող բողոքի ակցիաների ընթացքում 2 հայի զոհվելու մասին տեղեկությունները հաստատվել են, սակայն ավելի մեծ թվերի մասին եմ լսել, լրագրողներին հայտնել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Մեկ զոհ հաստատված է, կարծեմ երկրորդն էլ է հաստատված, բայց ավելի մեծ թվերի մասին է խոսքը։ Գիտենք, որ զոհեր կան»,- ասել է նա։
Հանձնակատարը նշել է, որ համայնքի հետ կապի մեջ են Իրան-Հայաստան թռիչքների և Հայաստան ժամանող մարդկանց շնորհիվ, քանի որ կապի միջոցներն անջատված են ու նույնիսկ դեսպանատան հետ երեկվա՝ հունվարի 14-ի դրությամբ, կապ չկար։
«Մեր հայրենակիցներին ՀՀ տեղափոխելու մասին հարցը վակուումի մեջ անհնար է քննարկել։ Պետք է մինիմալ տեղեկություն ստանանք, թե ինչ է կատարվում»,- պարզաբանել է Սինանյանը։
Իրանն այսօր մի քանի ժամով փակել էր օդային տարածքը երկրում ցույցերի ֆոնին, ապա բացել։
Դեկտեմբերի 28-ից երկրում զանգվածային ցույցեր են տեղի ունենում։ Ի սկզբանե դրանք պայմանավորված էին տնտեսական ծանր իրավիճակով և ազգային արժույթի փոխարժեքի անկմամբ, բայց շուտով ձեռք բերեցին նաև քաղաքական ենթատեքստ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի անգամ սպառնացել էր կոշտ միջոցներ ձեռնարկել Թեհրանի դեմ՝ ի պատասխան զանգվածային անկարգությունները ճնշելու իշխանությունների գործողությունների:
Reuters-ը հունվարի 14-ին գրել էր, որ ԱՄՆ ռազմական միջամտությունն Իրանում կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում:






































