Ուրբաթ օրվանից տեղեկություն չունենք Իրանում մեր հայրենակիցների մասին, և շարունակելու ենք մեր ջանքերը կապ հաստատելու ուղղությամբ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Նա նշել է, որ տարանման մասին որևէ տեղեկություն չկա կապի միջոցնեերի բացակայության պատճառով։
«Ուզում եմ ձեզ հիշեցնել՝ 2023 թվականին, երբ սկսվեց Համաս-Իսրայել առճակատումը, ռազմական այդ վերջին փուլը, մենք ռազմական գործողությունների առաջին 10 օրվա ընթացքում մեր հայրենակիցների մի մեծ խմբի տարհանեցինք Իսրայելից և մեր ջանքերով էր դա, մենք էինք պնդում, որ դա տեղի ունենա»,- նշել է Սինանյանը։
Նրա խոսքով՝ Իրանի հայերից տարբեր ճանապարհներով տեղեկություններ ստանալու ելքեր են փնտրում։
«Մեղրիի սահմանում անցնողներ կան, նախորդ անգամ այդպես արեցինք, Մեղրիում մարդ գտանք, որը պատրաստ էր մեզ տեղեկացնել, թե ով է գալիս և այսպես հարցախույզ անցկացնել, թե ինչ է տեղի ունենում տեղում, որպեսզի այդ ձևով գոնե կարողանանք տեղեկացված լինել, մինչև որ վերականգնվի ինտերնետային կապը, հեռախոսակապը և այլն»,- նշել է Սինանյանը։
Հանձնակատարը ռիսկային է համարել մասնագիտական խումբ ուղարկելն Իրան։
«Համոզված եմ, որ արդարացիորեն նաև մյուս մեր անվտանգային գերատեսչությունները դեմ կլինեն։ Հասկանանք, գոնե մոտավոր պատկերացում ունենանք, թե ինչ է տեղի ունենում, մանավանդ հայաշատ քաղաքներում (հիմնականում երկուսն են) և, ըստ այդմ, կողմնորոշվենք մեր հաջորդ անելիքներում»,- պարզաբանել է նա։
Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են դեկտեմբերի 28-ից: Ի սկզբանե դրանք պայմանավորված էին տնտեսական ծանր իրավիճակով և ազգային արժույթի փոխարժեքի անկմամբ, բայց շուտով ձեռք են բերել նաև քաղաքական ենթատեքստ: Իրանագետ Տիգրան Դավուդյանը հունվարի 11-ին հայտնել էր Իրանում հայ ցուցարարի մահվան մասին։



































