Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2025 թվականին վաստակած մրցանակային ֆոնդով աշխարհում զբաղեցրել է երրորդ տեղը, հայտնում է Chess.com կայքը։
Միջազգային խոշոր շախմատային մրցաշարերի եկամուտների տարեկան հաշվարկի համաձայն՝ Արոնյանը վաստակել է ավելի քան 750 000 դոլար, ինչը նրա լավագույն արդյունքն է վերջին չորս տարվա ընթացքում։ Նորվեգացի Մագնուս Կարլսենը գլխավորել է վարկանիշային աղյուսակը՝ վաստակելով գրեթե 1,5 մլն դոլար մրցանակային ֆոնդ և դառնալով տարվա ընթացքում յոթանիշ եկամուտ ունեցող միակ խաղացողը։
ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանան երկրորդն է՝ մոտավորապես 900 000 դոլարով։ Արոնյանի մրցանակային ֆոնդի զգալի մասն ստացվել է Freestyle Grand Slam շարքի երկու փուլում տարած հաղթանակներից, որոնք կազմել են նրա տարեկան եկամտի կեսից ավելին։
Մրցանակային ֆոնդով ամենահաջողակ տասը խաղացողների թվում են նաև Հիկարու Նակամուրան, Ալիռեզա Ֆիրուզջան, Վինսենթ Կայմերը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Արջուն Էրիգայսին, Նոդիրբեկ Աբդուսատտորովը և աշխարհի գավաթակիր Ջավոխիր Սինդարովը։
2025 թվականին, ընդհանուր առմամբ, 26 շախմատիստ վաստակել է վեցանիշ մրցանակային ֆոնդ՝ զգալիորեն ավելի շատ, քան նախորդ տարի։ Այս աճը պայմանավորված է խոշոր մրցաշարերի վերադարձով, ինչպիսիք են FIDE-ի աշխարհի գավաթը և Grand Swiss-ը, ինչպես նաև շախմատի ներառմամբ Esports World Cup-ում և Freestyle Grand Slam շարքի ամբողջական մրցաշրջանով։






































