Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն վճարում է ոչ միայն իր գործունեության, այլև Չինաստանին տարածաշրջան բերելու համար, կարծիք է հայտնել ամերիկագետ Սուրեն Սարգսյանը:
«Իհարկե, նավթի, թմրամիջոցների, ապօրինի միգրացիայի և անվտանգային խնդիրները չափազանց կարևոր են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վենեսուելական քաղաքականության կոնտեքստում, սակայն դրանք միայն լոկալ խնդիրներ են։ Կա նաև գլոբալ խնդիր, որը Չինաստանի հետ ԱՄՆ մրցակցությունն է, որի կիզակետում հայտնվել է նաև Վենեսուելան»,- գրել է նա Ֆեյսբուքում։
Սարգսյանի համոզմամբ՝ ԱՄՆ-ն բավականին խանդոտ է նայում Չինաստանի աճող ազդեցությանը և գլոբալ մրցավազքին, մանավանդ, երբ Պեկինն սկսում է ազդեցություն ձեռք բերել Լատինական Ամերիկայում։
Լատինական Ամերիկայի և Չինաստանի միջև առևտուրն արդեն իսկ 2024 թվականին կազմել է շուրջ 500 մլրդ դոլար, տեղեկացրել է ամերիկագետը՝ հավելելով՝ Պեկինի հիմնական գործընկերներից մեկը հենց Կարակասն է։
«Ի դեպ՝ վենեսուելական չվերամշակված նավթի շուրջ 70%-ը գնում է հենց Չինաստան, ինչը, բնականաբար, չի գոհացնում Թրամփի վարչակազմին։ ԱՄՆ-ն փորձում է թույլ չտալ Պեկինին ամրանալ Լատինական Ամերիկայում՝ հնարավոր բոլոր մեթոդներով խանգարելով դրան։ Այս տրամաբանությամբ հաջորդը, ամենայն հավանականությամբ, լինելու է Կուբան»,- ստեղծված իրավիճակը մեկնաբանել է նա:
ԱՄՆ-ն այսօր՝ հունվարի 3-ին, հարվածներ էր հասցրել Վենեսուելային, այդ թվում՝ մայրաքաղաք Կարակասին: Թրամփը հայտնել էր, որ Մադուրոն ու նրա կինը գերեվարվել են ու դուրս բերվել երկրից: Երկրում արտակարգ դրություն է հայտարարվել: Մադուրոյին և նրա տիկնոջն ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել:





































