Մոսկվան Բաքվի հետ հանդիպմանը բարձրացրել է 11 ռուսաստանցիների անհապաղ ազատ արձակման հարցը, հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի և Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հանդիպումից հետո։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանում «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի կործանման հետևանքների լուծման հետ կապված հարցերը։
«Ռուսական կողմը կրկին բարձրացրել է Բաքվում հունիսի 30-ից հուլիսի 1-ը ձերբակալված 11 ռուսաստանցիների անհապաղ ազատ արձակման հարցը»,- հայտարարել է նախարարությունը։
Բաքվում ռուս ՏՏ մասնագետի ձերբակալությունը տեղի էր ունեցել հուլիսի 1-ին՝ Բաքվի և Մոսկվայի միջև հակամարտության ֆոնին: Մինչ այդ Եկատերինբուրգում ձերբակալվել էին Ադրբեջանի քաղաքացիներ՝ 2000-ականներին կատարված սպանությունների համար: Հետաքննության ընթացքում մահացել էր երկու մարդ:
Բաքվում ձերբակալված ռուսների թվում էին «Ռոսնեֆտ»-ի և «Գազպրոմ Նեֆտ»-ի նախկին աշխատակիցներ, ինչպես նաև շարքային ՏՏ մասնագետներ: Նրանցից շատերը լքել էին Ռուսաստանը 2022 թվականին՝ Ուկրաինայի հետ պատերազմի սկսվելուց և զինված ուժերի զորահավաքից հետո:
Ռուս տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներից բացի, Բաքվում ձերբակալվել էին նաև «Սպուտնիկ Ադրբեջան» լրատվական գործակալության աշխատակիցներ, այդ թվում՝ գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը և գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխը: Ավելի ուշ, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև հարաբերությունների բարելավման ֆոնին, ձերբակալված լրագրողներն ազատ էին արձակվել և վերադարձել Ռուսաստան:
Հոկտեմբերին Բաքվի դատարանը երեք ամսով երկարաձգել էր ամռանը կալանավորված ռուս ՏՏ մասնագետների նախնական կալանքը։





































