Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, դեկտեմբերի 24-ին մասնակցել են օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում «Հաղթանակի այգու» բացմանը, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ հրապարակման՝ նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը պետության ղեկավարին է ներկայացրել այգում ստեղծված պայմանները։ 9 հեկտար ընդհանուր մակերեսով «Հաղթանակի այգին» Ալիևը հիմնադրել է այս տարվա փետրվարին։
Հաղորդվել է, որ այգու մուտքից դեպի հաղթական կամար տանում է 44 աստիճան։ Կենտրոնական մասում տեղադրված հուշատախտակների վրա գրված արձանագրությունները պատմում են պատերազմի ընթացքի մասին, հիշատակում գրաված բնակավայրերի անունները։ Հուշատախտակները նաև տեղեկատվություն են պարունակում 2023 թվականի գործողության արդյունքների մասին, երբ հայաթափվել էր Արցախը:
Հաղթական կամարը, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, խորհրդանշական 44 մետր բարձրություն ունի, որը համապատասխանում է 44-օրյա պատերազմի օրերի քանակին։ Կառույցը բաղկացած է 10 հարկից և տեռասից։ Իններորդ հարկում տեղակայված է «Հաղթանակի պատկերասրահ» ցուցասրահը։
2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ և միջազգային վարձկանների ներգրավմամբ, հարձակվել էր Արցախի Հանրապետության վրա։ 44 օր տևած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժը հրետանային և հրթիռային հարվածների էր ենթարկել Արցախի խաղաղ բնակավայրերը՝ կիրառելով նաև արգելված զինամթերք, ինչի մասին գրել էին միջազգային լրատվամիջոցները: Պատերազմն ավարտվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված հայտարարությամբ։


































