Հայաստանում 2026 թվականի ապրիլի 1-ից բոլոր պետական նպաստների, այդ թվում՝ կենսաթոշակների և երեխայի ծննդով պայմանավորված նպաստների վճարումը կիրականացվի անկանխիկ եղանակով։
ԱԺ-ում 2021 թվականին ընդունված օրենսդրական փաթեթի համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից վճարումն արդեն իսկ անկանխիկ էր արվում, սակայն խորհրդարանը հնարավորություն էր տվել որոշակի դժվարություններ ունեցողների համար դեռևս կանխիկ գումար ստանալ։
Նրանց թվում են անձինք, ովքեր ունեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն, 75 տարին լրացած կենսաթոշակառու են, 14 տարին չլրացած թոշակառու են կամ լիազորագրով կենսաթոշակ ստացող։ Այս խմբերի ներկայացուցիչները գումարը կարող էին ստանալ իրենց ընտրությամբ՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով։
Ներկայումս իրենց կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով են ստանում կենսաթոշակառուների և նպաստառուների 10%-ից էլ պակաս քաղաքացիներ՝ շուրջ 52 հազար անձ։
Նոր կարգավորմամբ նրանք նույնպես կանցնեն անկանխիկ եղանակի, սակայն կառավարությունը կսահմանի սահուն անցման մեխանիզմներ։
Նշենք, որ քաղաքացիներն ինչպես անկանխիկ առևտուր կարող են անել, որի դեպքում կգործի հետվճարի մեխանիզմը, այնպես էլ կանխիկացնել գումարն ու կանխիկով ծախսել։
Armenia Today-ը հարցում է իրականացրել Երևանում՝ պարզելու, թե ի՞նչ դժվարություններ կարող է առաջացնել նոր կարգավորումը։
Հարցման մասնակիցների մեծամասնությունը նշել է, որ միայն քարտային տարբերակով նպաստ կամ թոշակ ստանալը դժվար է, քանի որ ոչ բոլորն են կարողանում օգտվել բանկոմատներից, որոշներն էլ չունեն սմարթֆոն հեռախոսներ, որոնցով կկարողանան հետևել իրենց ծախսերին։
«Ոչ մի դրական բան չեմ տեսնում։ Ոչ մեկը չի մտածում թոշակառուների մասին։ Երբեմն լինում է, որ կանխիկ գումար է պետք լինում, պետք է գնանք, կանխկիկացնենք, բայց, երբ կանխիկ էին տալիս և քարտային, ավելի հարմար էր։ Ուզում եմ մեկին գումար նվիրել, պետք է գնամ, քարտից հանեմ»,- ասել է քաղաքացիներից մեկը։
Ոմանք էլ պատասխանել են, որ ոչ մի դժվարություն չկա միայն քարտային տարբերակով ստանալու դեպքում։
«Շատ լավ եմ վերաբերվում։ Ավելի ուրախ եմ, որ բարգավաճում ենք, բարելավում են ժողովրդի կյանքը։ Շնորհակալ ենք Նիկոլ Փաշինյանին։ Իմ տատիկի համար շատ դժվար էր, բայց օգնեցի, սովորեցրի, հիմա ինքնուրույն անում է»,- նշել է մեկ այլ քաղաքացի։
Մանրամասները՝ տեսանյութում։




































