Pantone-ն անվանել է 2026 թվականի տարվա գույնը՝ ամպային սպիտակը։ Առաջին անգամ է, որ սպիտակն ընտրվել է՝ 1999 թվականին «Տարվա գույնը» նախաձեռնության մեկնարկից ի վեր։
Pantone-ն նշել է, որ Cloud Dancer-ն «օդային, հավասարակշռված սպիտակ» է, որը խորհրդանշում է հանգստություն, պարզություն և լռության անհրաժեշտություն տեղեկատվությամբ գերծանրաբեռնված աշխարհում։ Գույնն ընկալվում է որպես տեսողական արձագանք ժամանակակից հասարակությանը բնորոշ աղմուկի, անկայունության և արագության զգացողություններին։
Pantone Color Institute-ի գործադիր տնօրեն Լեատրիս Այզեմանը նշել է, որ Cloud Dancer-ը «պարզեցման գիտակցված հայտարարություն» է, որն օգնում է վերականգնել կենտրոնացումը և լսել «ներքին ձայնն» արտաքին աղմուկի մեջ։ Նա բացատրել է, որ սպիտակը, այս համատեքստում, խորհրդանշում է մտքի պարզություն և ապագան վերաիմաստավորելու տարածք։
Pantone Color Institute-ի փոխնախագահ Լորի Պրեսմանն ընդգծել է, որ Cloud Dancer-ը նախատեսված է որպես «դատարկ կտավ», որը բացում է նոր գաղափարների և մոտեցումների հնարավորություններ։ Ինստիտուտի տվյալներով՝ գույնը պետք է խթանի ստեղծագործական մտածողությունը, թեթևության զգացումը և հուզական հավասարակշռությունը։
Pantone Color Institute-ի փորձագիտական թիմը տարվա գույնն ընտրում է համաշխարհային միտումների վերլուծության հիման վրա՝ տեխնոլոգիաներից և արվեստից մինչև սոցիալական տրամադրություններ և սպառողական վարքագիծ: Նախաձեռնության նպատակն է ընդգծել մշակութային գործընթացների և գույների տեսողական լեզվի միջև կապը:
Նախորդ տարիներին Pantone-ն շեշտը դրել էր նաև «հանգստացնող» երանգների վրա. 2025 թվականի համար ընտրվել է Mocha Mousse-ը, որը խորհրդանշում է ջերմություն և ներդաշնակություն, իսկ 2024 թվականի համար՝ դեղձագույնը, որը նկարագրվում էր որպես մեղմ և սնուցող երանգ:





































