Հակակոռուպցիոն կոմիտեն (ՀԿԿ) հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) օգտին ընտրակաշառք տալու ենթադրյալ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նոր ձերբակալությունների մասին։
Ըստ քննության վարկածի՝ գործով անցնող անձինք Լոռու մարզի Սպիտակ համայնքի Գոգարան գյուղի և հարակից բնակավայրերի բնակիչներին գումար են բաժանել ԲՀԿ-ի օգտին քվեարկելու և այլ ընտրողների շրջանում քարոզչություն իրականացնելու համար։
Կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակներում իրականացվել են խուզարկություններ և քննչական այլ գործողություններ։
Գերատեսչությունը հրապարակել է գաղտնալսման մի դրվագ, որը համարում է գործով ապացույցներից մեկը։ Քննության պնդմամբ՝ ձայնագրության մեջ քննարկվում են ընտրողներին տրվող վճարումները և կողմնակիցների ներգրավումը։
Զրույցում, մասնավորապես, հիշատակվում են վճարվող գումարների չափսերը, «յուրայիններին համոզելու» անհրաժեշտությունը, ինչպես նաև կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր Վանաձորում, Աբովյանում և Վայոց ձորի մարզում ԲՀԿ-ի օգտին ընտրողներին ենթադրյալ ընտրակաշառքի վերաբերյալ մի քանի քրեական վարույթների մասին։ Այդ գործերով իրականացվել էին խուզարկություններ ու ձերբակալություններ, իսկ գործով անցնողների մի մասը կալանավորվել էր։






































