Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական ռազմաօդային ուժերի կողմից երկրի հարավային և հարավարևելյան շրջաններին հասցված հարվածների հետևանքով վերջին մեկ օրում զոհվել է առնվազն 37 մարդ, ևս 222-ը՝ վիրավորվել, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Գերատեսչության տարածած ամփոփագրի համաձայն՝ մարտի 2-ից սկսված՝ ռազմական էսկալացիայի հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը հասել է 2988-ի։ Նույն ժամանակահատվածում վիրավորվել է ավելի քան 9210 քաղաքացի։
Լիբանանի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ իսրայելական հարձակումները շարունակվում են երկրի բնակավայրերի և ենթակառուցվածքների ուղղությամբ, ինչը հանգեցնում է մարդկային կորուստների աճի և հումանիտար իրավիճակի վատթարացման։
ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։ ԱՄՆ ռազմածովային ուժերն ապրիլի 13-ին սկսել էին Իրանի նավահանգիստների շրջափակումը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ ապրիլի 16-ին բանակցությունների արդյունքում հայտարարել էր Իսրայելի և Լիբանանի միջև տասնօրյա հրադադարի մասին: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվել էր։
Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։ Մայիսի 1-ին Սպիտակ տունը պաշտոնապես տեղեկացրել էր ԱՄՆ Կոնգրեսին, որ Իրանի հետ պատերազմն ավարտված է համարում։ Մայիսի 5-ին ԱՄՆ-ն հայտնել էր Հորմուզի նեղուցի բացման մասին։
Մայիսի սկզբին Թեհրանն Իսլամաբադի միջոցով Վաշինգտոնին էր փոխանցել համաձայնության հասնելու 14 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ, որը պատասխան էր ամերիկյան կողմի նախնական՝ 9 կետանոց նախաձեռնության:


























