Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար վճարների սահմանումից ի վեր առաջին վճարումն է կատարվել Իրանի Կենտրոնական բանկի հաշվին, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Համիդ Ռեզա Հաջի Բաբային։
«Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար առաջին եկամուտները մուտքագրվել են Կենտրոնական բանկի հաշվին»,- ասել է նա՝ չմանրամասնելով, սակայն, վճարման չափը կամ վճարումը կատարած նավերի քանակը։
ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցի շրջանում առգրավել էր իրանական նավ, ինչից հետո Թեհրանը Վաշինգտոնին մեղադրել էր «զինված ծովահենության» մեջ և խոստացել պատասխանել։
Ապրիլի 11-ին Իսլամաբադում կայացած բանակցությունների արդյունքում ԱՄՆ-ին և Իրանին չէր հաջողվել համաձայնության գալ պատերազմի դադարեցման շուրջ։ Կողմերը բանակցությունները որակել էին որպես «բարդ»։
Ապրիլի 19-ին Իրանը հայտարարել էր, որ փակել է Հորմուզի նեղուցը մինչև ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակման լիակատար չեղարկումը, իսկ ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Իրանը հրաժարվել էր մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։

























