ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին փետրվարի 6-ին կհանդիպեն Ստամբուլում՝ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հնարավոր համաձայնագրի քննարկման համար, հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Աղբյուրներից մեկի համաձայն՝ Ստամբուլի հանդիպումը կկենտրոնանա «պատերազմը կանխելու համապարփակ համաձայնագրի» հասնելու ջանքերի վրա: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հույս ունի, որ Իրանը կմասնակցի հանդիպմանը՝ «պատրաստ լինելով անհրաժեշտ զիջումների գնալ», հավելել է աղբյուրը:
Նախատեսվող հանդիպումը Թուրքիայի, Եգիպտոսի և Կատարի կողմից վերջին մի քանի օրվա ընթացքում իրականացված դիվանագիտական ջանքերի արդյունք է: Կայքի տվյալներով՝ բանակցություններին կմասնակցեն մի շարք արաբական և մուսուլմանական երկրների ներկայացուցիչներ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը համաձայնել է սկսել բանակցությունների նոր փուլ ԱՄՆ-ի հետ: Իրանում իրավիճակը սրվել էր 2025 թվականի դեկտեմբերի վերջին ազգային արժույթի արագ արժեզրկման պատճառով զանգվածային բողոքի ցույցերի ալիքից հետո: ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է Իրանի վրա հարձակվելու հնարավորության մասին: Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին փետրվարի 1-ին հայտարարել էր, որ իր երկրի դեմ ԱՄՆ-ի նոր ագրեսիան կարող է հանգեցնել տարածաշրջանային հակամարտության:
























