Նոյեմբերի 5-ին դատախազը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել, Armenia Today-ը տեղեկացել է Գլխավոր դատախազությունից։
Քրեական հետապնդումը հարուցվել է 2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որը համապատասխանում է գործող ՔՕ 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը, առվելագույն պատիժն ազատազրկում՝ 12 տարով-խմբ․)։
Գլխավոր դատախազությունը մարտին Սարգսյանին նոր մեղադրանք էր առաջադրել՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակության 18 դրվագով, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման 2 դրվագով և դրա իրականացմանը նպաստելու 3 դրվագով։
Նոյեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտնել էր, որ Սարգսյանին արգելել են մեկնել երկրից ու մեղադրանք են առաջադրել։ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 5-ին նախկին նախագահին կանչել էին Հակակոռուպցիոն կոմիտե։
Նոյեմբերի 5-ին Հակակոռուպցիոն դատարանը մերժել էր դատախազի՝ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։





































