Աշխարհի 24-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Դուբայի (ԱՄԷ) ATP-500 մրցաշարի մեկնարկային փուլում հաղթել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Դանիել Էվանսին, հայտնում է Chempionat.com-ը։
Նա մրցաշարի երկրորդ շրջան է դուրս եկել՝ մրցակցին հաղթելով 6:1, 6:3 հաշվով։
Երկրորդ շրջանում Խաչանովը կմրցի Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)-Լորենցո Սոնեգո (Իտալիա) հանդիպման հաղթողի հետ:
ATP-ի խաղերի հաղթանակների տոկոսային հարաբերակցությամբ՝ Խաչանովն ընդգրկվել էր 2024-ի աշխարհի 10 լավագույն թենիսիստների ցանկում։
Խաչանովը 28 տարեկան է, 7 հաղթանակ է տարել ATP-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում նրա լավագույն արդյունքն ԱՄՆ-ի (2022) և Ավստրալիայի (2023) բաց առաջնությունների կիսաեզրափակիչ դուրս գալն էր: 2021 թվականին Խաչանովն Օլիմպիական խաղերի մենախաղում արծաթե մեդալակիր էր դարձել, իսկ ռուսական թիմի կազմում՝ Դևիսի գավաթակիր։