Բաքվում կայացած «դատական» նիստի ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է երեք միջնորդություն, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրանց հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Վարդանյանը միջնորդել է «հարցաքննել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին և Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին՝ իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում»։ «Դատարանը» միջնորդությունը թողել է առանց քննարկման՝ տեղեկացնելով Վարդանյանին և նրա փաստաբանին այն կրկին ներկայացնելու հնարավորության մասին։
Երկրորդ միջնորդագրում Վարդանյանը նշել է, որ ինքը զինծառայող չէ և, հետևաբար, համաձայն չէ իր դեմ գործը ռազմական դատարանում քննելու որոշման հետ։ Հաղորդվում է, որ միջնորդությունը մերժվել է։
Բացի այդ, Վարդանյանը հայտարարել է, որ համաձայն չէ Ադրբեջանի պետական սահմանն անօրինական կերպով հատելու մեղադրանքի հետ և միջնորդել է «դատարանում հարցաքննել այն անձանց, ովքեր նախկինում հանդիսացել են Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարներ»։ Երրորդ միջնորդությունը մնացել է առանց քննարկման, մինչդեռ դատարանը նաև տեղեկացրել է այն ապագայում կրկին ներկայացնելու հնարավորության մասին։
Այսօրվա նիստի ընթացքում շարունակվել է նաև «զոհերի և նրանց իրավահաջորդների ցուցմունքների» ընթերցումը։ Հաջորդ նիստը նախատեսված է սեպտեմբերի 23-ին։
Այս դատերն ընթանում են առանց միջազգային լրատվամիջոցների և անկախ իրավապաշտպանների բացակայության պայմաններում:
Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի կա։ Հունվարի 17-ին սկսվել էին Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների դատավարությունները: Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։




































