Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ շարունակում է քննարկել գերիների հարցը:
«Չկա այդպիսի բանակցություն, որտեղ մենք Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների թեման չենք բարձրացնում», - հեռավար ասուլիսի ժամանակ ասել է նա:
Միաժամանակ, նա նշել է, որ քանի դեռ արդյունք չկա, ինքը կարծում է, որ պետք չէ մեկնաբանել այդ հարցը:
«Այդ թեման քննարկվել ու բարձրացվել է բարձրագույն մակարդակով: Ձեռնպահ կմնամ այդ քննարկումների արդյունքների մասին որևէ բան ասել, քանի դեռ արդյունք չկա, ուրեմն, ցավոք, արդյունք չկա: Քանի դեռ տեղի չի ունեցել այն, ինչ մենք սպասում ենք, մենք պետք է ընկալենք այնպես, որ արդյունք չկա», - ասել է նա:
Ադրբեջանում պաշտոնական տվյալներով 23 հայ գերի կա։ Հունվարի 17-ին սկսվել են Արցախի առաջնորդների դատավարությունները: Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, արտգործնախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։




































