Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի ունեցած նիստի ժամանակ հայ գերիներից մի քանիսի պաշտպանությունը միջնորդել է չեղյալ հայտարարել նրանց դատավճիռները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ լրատվամիջոցների՝ Ադրբեջանի կառավարության կողմից Դավիթ Ալավերդյանի, Մելիքսեթ Փաշայանի և Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի համար նշանակված պաշտպանները պահանջել են արդարացման վճիռներ։ Գերիները պաշտպանել են այս դիրքորոշումը, Փաշայանն ու Իշխանյանը հայտարարել են, որ համաձայն չեն մեղադրանքների հետ և չեն ընդունում իրենց մեղքը։
Նիստի ընթացքում Իշխանյանը նաև ցանկություն է հայտնել ներկայացնել դատական արձանագրությունները վերանայելուց հետո իր պատրաստած մեկնաբանությունները։ Նրան տեղեկացվել է՝ քանի դեռ մեկնաբանություններն ադրբեջաներեն չեն, դրանք պետք է թարգմանվեն և ներկայացվեն գրավոր։ Հաղորդման համաձայն՝ Իշխանյանի խնդրանքին ի պատասխան՝ դատարանը նշել է, որ նրան հնարավորություն կտրվի ներկայացնել իր մեկնաբանությունները թարգմանչի միջոցով։
Գերիներ Մադաթ Բաբայանի և Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի համար նշանակվել են նոր պաշտպաններ՝ նախկին փաստաբանների առողջական խնդիրների պատճառով։ Նրանք չեն առարկել։ Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին։
Հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունն սկսվել էր հունիսի 9-ին։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Արցախի նախկին առաջնորդները 2025 թվականի դեկտեմբերին դատապարտվել էին 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր նրանց վաղաժամ ազատ արձակման հնարավորությունը։






































