Ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը խիստ քննադատության է ենթարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի կառավարության որոշումը՝ սոցիալական ցանցերում հրապարակելով տեսաուղերձ։
Երաժիշտն այդ քայլն անվանել է «վատթարագույնը, որ նրանք կարող էին անել»։ «Դա վատթարագույնն է, որ նրանք կարող էին անել»,- նշել է նա՝ մեկնաբանելով իսրայելական իշխանությունների որոշումը։
Թանկյանը մեղադրել է Իսրայելին հայերի պատմական հիշողությունը քաղաքական նպատակներով օգտագործելու մեջ։ «Նրանք օգտագործում են պատմությունը, մեր ցեղասպանությունը, մեր ցավը իրենց քաղաքական նպատակների համար»,- հայտարարել է երաժիշտը։
Նա նաև հավելել է, որ Իսրայելն ինքը «ցեղասպանություն է իրականացնում Գազայում և Լիբանանում»։
Նախկինում Թանկյանը բազմիցս նշել է, որ իսրայելական լոբիստական խմբերը, ներառյալ AIPAC-ը, երկար տարիներ խոչընդոտել են ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունների պատճառով։
Հրապարակված տեսաուղերձում երաժիշտն իր հայտարարությունն էմոցիոնալ կերպով ավարտել է ոչ ցենզուրային արտահայտությամբ։
«Այն փաստը, որ այս կառավարությունը, որն արդեն իսկ ցեղասպանություն է իրականացնում Գազայում և Լիբանանում, որոշել է ճանաչել իմ պապերի ցեղասպանությունը, վատթարագույնն է, որ նրանք կարող էին անել հայերի հետ՝ օգտագործելով մեր պատմությունը, մեր ցեղասպանությունը, մեր ցավը սեփական քաղաքական օգուտի համար»,- ասել է երաժիշտն իր տեսուղերձում։
Իսրայելի կառավարությունը հունիսի 28-ին միաձայն հավանություն է տվել արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի ներկայացրած բանաձևի նախագծին՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերաբերյալ։ Այժմ փաստաթուղթը պետք է դրվի Քնեսեթի քվեարկությանը։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել էր Իսրայելի կառավարության որոշումը՝ այն անվանելով «չարամիտ նախաձեռնություն»։ Անկարայից հետո քննադատությամբ հանդես էր եկել նաև Ադրբեջանը՝ կոչ անելով Իսրայելին վերանայել իր որոշումը։
Եթե Քնեսեթը հաստատի փաստաթուղթը, Իսրայելն առաջին անգամ պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը պետական մակարդակով։
Իսրայելական լրատվամիջոցների, այդ թվում՝ Ynet News-ի և The Times of Israel-ի տվյալներով, Բենիամին Նեթանյահուի կառավարությունը տարիներ շարունակ արգելափակել է Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերի ընդունման փորձերը։
2020 թվականի հունվարին Հայաստանի այն ժամանակվա նախագահ Արմեն Սարգսյանը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային ֆորումին մասնակցելու նպատակով Իսրայել կատարած այցի ընթացքում Քնեսեթում հանդես էր եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու կոչով։ Սակայն Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը դրանից հետո չէր փոխվել։
Միևնույն ժամանակ, իսրայելցի քաղաքական գործիչները պարբերաբար անդրադառնում են Հայոց ցեղասպանության թեմային Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ժամանակ։ Այսպես, 2024 թվականի հունվարին Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը, արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին, նշել էր, որ Թուրքիան «անցյալում ունի հայերի ցեղասպանություն»։
Նեթանյահուն 2025 թվականի օգոստոսին Պատրիկ Բեթ-Դեվիդի փոդքաստում հայտարարել էր հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունների ճանաչման մասին։ Պատասխանելով Իսրայելի դիրքորոշման մասին հարցին՝ նա նախ հղում էր արել Քնեսեթի կողմից իբր ընդունված որոշմանը, որն իրականում գոյություն չունի, ինչից հետո հավելել էր․ «Այո, ես հենց նոր դա արեցի»՝ հաստատելով անձնական ճանաչումը։
Հայ հանրության ներկայացուցիչները քննադատել էին Նեթանյահուի հայտարարությունը։ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել էր, որ իրական ճանաչումը պետք է ուղեկցվի Ադրբեջանի հետ Իսրայելի դաշնակցային հարաբերությունների վերանայմամբ։
Իսրայելցի քաղաքագետ, «Նոյյան Տապան» հայկական կրթական և մշակութային կենտրոնի մամուլի քարտուղար Մենի Կորսունսկին Armenia Today-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Նեթանյահուի խոսքերը չեն կարող համարվել պաշտոնական ճանաչում։ Նրա ձևակերպմամբ՝ ոչ պաշտոնական ձևաչափով արված նման հայտարարությունները պոպուլիստական բնույթ են կրում, իսկ ժողովրդավարական համակարգի պայմաններում ճանաչման մասին որոշումը պետք է ընդունվի կառավարության կամ խորհրդարանի մակարդակով։






































