ԱՄՆ-ն հայտարարել է Թեհրանի հետ բանակցելու պատրաստակամության մասին, սակայն, իրականում, նախապատրաստվում է ցամաքային գործողության, Al Jazeera-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը։
«Թշնամին հրապարակայնորեն ուղերձներ է հղում բանակցությունների մասին, իսկ գաղտնի ծրագրում է ցամաքային գործողություն»,- ասել է նա։
Ղալիբաֆի խոսքով՝ Իրանի զինված ուժերը պատրաստ են դիմակայել ամերիկյան զորքերին։ Խոսնակն ընդգծել է, որ Իրանը վարում է երկար և բարդ պայքար, որի արդյունքում՝ կհաղթի, և չի դադարեցնի հրթիռային հարվածները։
Միևնույն ժամանակ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու B-1B Lancer և երկու B-52H Stratofortress ռազմավարական ռմբակոծիչներ վերադարձել են Մեծ Բրիտանիայի Ֆերդֆորդ ավիաբազա՝ Իրանի օդային տարածքում մարտական առաջադրանքներ կատարելուց հետո, հայտնել է Military Air Tracking Alliance (MATA)-ն։ Նշվում է, որ ներկայում Ֆերդֆորդ ավիաբազայում տեղակայված է ԱՄՆ 21 ծանր ռմբակոծիչ։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի և վիրավորների թիվն աճում է։





































