Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական հատվածի աշխատանքների մեծ մասն ավարտվել է, ըստ թուրքական լրատվամիջոցների, վկայում է նախագծի իրականացման վճռորոշ փուլի մոտենալը։
Լրատվամիջոցների համաձայն՝ Ադրբեջանն զգալի առաջընթաց է գրանցել ճանապարհների, երկաթուղային գծերի, թունելների և լոգիստիկ ենթակառուցվածքների կառուցման գործում։ Սակայն նշվում է, որ երթուղու՝ Հայաստանով անցնող հատվածը մնում է հիմնական հարցը։
Եթե խաղաղության գործընթացն առաջ շարժվի, Հայաստանով անցնող միջանցքը կարող է բացվել առաջիկա տարիներին, նշում է հրատարակություններից մեկը։ Ըստ հոդվածի՝ դա կարող է հանգեցնել Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական և տնտեսական ազդեցության մեծացմանը Հարավային Կովկասում։
Անկարան «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես Կենտրոնական Ասիայի երկրների հետ առևտրային ուղիների ռազմավարական այլընտրանք։
Թուրք-ադրբեջանական ձեռնարկատերերի և արդյունաբերողների հասարակական միավորման խորհրդի նախագահ Հուսեյն Բույուկֆիրաթը լրատվականին մատնանշել է Ադրբեջանի տնտեսական ներուժը, այդ թվում՝ Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, և ընդգծել է դեկտեմբերի 23-ին նախատեսված երկրորդ ադրբեջանա-թուրքական ներդրումային ֆորումի կարևորությունը։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել Սյունիքով անցնող ճանապարհ, որն ապաշրջափակվելու է «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի» (TRIPP) ծրագրով։ Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։ Թուրքական և ադրբեջանական կողմերը դա անվանում են «Զանգեզուրի միջանցք»: Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ մերժում է միջանցքային տրամաբանությունը:

























