Իշխանական թիմում դժգոհություն է առաջացրել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի վարքագիծը հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողության ժամանակ, հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:
Իշխանության ներկայացուցիչների վրդովմունքի պատճառն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ցուցաբերված ընդունելությունն է. ըստ ԶԼՄ-ների հրապարակած տեղեկությունների՝ Սարգսյանը խոնարհվել և համբուրել է վեհափառի աջը:
Այս քայլը քաղաքական թիմի ներսում ընկալվել է որպես դիրքորոշման կտրուկ փոփոխություն, քանի որ այն տեղի է ունեցել իշխանության և եկեղեցու միջև առկա սուր հակամարտության պայմաններում:
Թերթը պնդում է, որ Գարեգին Բ-ի նկատմամբ իշխանության համախոհ համարվող գործչի նման ժեստն անընդունելի է համարվել թիմակիցների համար:
Արդյունքում՝ իշխանական թիմի բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր ներկա էին հոգեհանգստին, չեն գնացել հուղարկավորությանը:
«Իշխանական մեր զրուցակիցը խոստովանեց, որ չնայած տասնյակ հարյուրավոր իշխանականներ են մասնակցել հոգեհանգստին և մտադրություն են ունեցել թաղմանն էլ գնալ, բայց այդ տեսարանից հետո մտափոխվել են` թաղմանը չեն գնացել»,- նշել է պարբերականը:





































