Հնդկաստանում արտադրված պաշտպանական տեխնիկան հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի պաշտպանական հատվածի բարեփոխման համար, սակայն ուղղված չի լինելու երրորդ կողմի դեմ, հնդկական Wion հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք գտնվում ենք մեր պաշտպանական ոլորտը, բանակը բարեփոխելու և արդիականացնելու գործընթացում, և այստեղ հնդկական փորձը որոշակի հատուկ ոլորտներում, ինչպես նաև Հնդկաստանում արտադրված սարքավորումները մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում: Բայց սա հայկական պաշտպանական համակարգը բարեփոխելու համար է, և չկա մտադրություն օգտագործել այս համակարգերը որևէ այլ՝ երրորդ կողմի դեմ»,- ասել է նա։
Միրզոյանը Հայաստանում հնդիկ ուսանողների թվի ավելացման և Երևան-Դելի ուղիղ չվերթերի հաստատման հույս է հայտնել։
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ «Ակադեմիական քաղաքի» հիմնումը Հնդկաստանից ավելի շատ ուսանողներ կգրավի։ Ըստ Wion-ի՝ ներկայումս Հայաստանում սովորում է մոտ 3000 հնդիկ ուսանող, որոնք հիմնականում բժշկություն են սովորում Երևանի պետական բժշկական համալսարանում։
Վերջին ամիսներին ՀՀ-ում զգալիորեն աճել է նաև հնդիկ աշխատողների թիվը։ Հարցազրույցի ընթացքում Միրզոյանը հնարավոր է համարել Հնդկաստանից աշխատուժ ներգրավելու հնարավորությունը Հայաստանի տնտեսության և տեղական աշխատաշուկային համահունչ։
Նախարարը վերահաստատել է Երևանի դիրքորոշումը նախկին հյուսիսային Հնդկաստանի Ջամմուի և Քաշմիր նահանգի հարցում, որի պատկանելիության իրավունքը վիճարկում է Պակիստանը։
«Հայաստանի դիրքորոշումը հայտնի է և չի փոխվել տարիների ընթացքում: Մենք աջակցում ենք Հնդկաստանի դիրքորոշմանը և ընկալմանը Ջամմու և Քաշմիրի հարցում: Մենք միայն կողջունենք այստեղ ցանկացած դրական և խաղաղ առաջընթաց»,- ասել է Միրզոյանը։
Նա նաև պաշտպանել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բարեփոխելու Հնդկաստանի առաջարկը, քանի որ կազմակերպության մեխանիզմները բավարար չեն հակամարտությունները կանխելու և կառավարելու համար: Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը հետաքրքրված է ԲՐԻԿՍ-ում դիտորդի կարգավիճակ ունենալուն և դիտարկելուն, թե ի՞նչ կարող է բերել այս համագործակցությունը և ձևաչափը տարածաշրջանին։
Մարտի 10-ին ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել էր Հնդկաստանի հետ պաշտպանական համագործակցության ընդլայնման մասին։
2024-ի փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հնդկաստանին և Ֆրանսիային զենքի մատակարարման ոլորտում Հայաստանի հիմնական գործընկերներից էր համարել։ Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2024-2025թթ․ ֆինանսական տարվա սկզբին Հնդկաստանից Հայաստան սպառազինության ընդհանուր ներմուծումը հասել էր 600 միլիոն դոլարի։ Փետրվարի 3-ին Հնդկաստանի ՊՆ-ն ՀՀ-ն անվանել էր պաշտպանական արտադրանքի արտահանման հիմնական ուղղություններից մեկը։
Փետրվարի 11-ին Պապիկյանը հայտարարել էր, որ Հայաստանի ու Հնդկաստանի համատեղ ջանքերն ուղղված են ոչ միայն երկրների պաշտպանունակության բարձրացմանը, այլև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության, խաղաղության և կայունության ապահովմանը։