Վաղարշապատի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, Խոյի նախկին համայնքապետ Արգիշտի Մեխակյանը չի արդարացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հույսերն Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ «մարդ հավաքելու» գործում, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ հանձնարարությունից որոշ ժամանակ անց նա հասկացել է, որ անզոր է կատարել վարչապետի կամքը, զեկուցել է այդ մասին և լուտանքների արժանացել։
Մարզի ընդդիմադիր շրջանակները կարծում են, որ մեծ շանսեր ունեն հաղթելու նոյեմբերի 16-ին նշանակված ՏԻՄ ընտրություններում, եթե լավ պատրաստվեն, գրել է թերթը։
Լրատվականը հավելել է՝ առաջադրվելու մտադրություն ունի նաև Սևակ Խաչատրյանը (հայտնի է որպես Սաքուլիկ), որը ժամանակին ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահն էր, ապա՝ պրոռեկտորը, հիմա Էջմիածնի ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավարն է։ Նա, հնարավոր է, ՀՅԴ-ի հետ դաշինք կազմի:
Թերթի տեղեկությամբ՝ ընտրություններին կմասնակցի «Հայաքվեն», որի թեկնածուն տարածքային կառույցի ղեկավար Գագիկ Հովհաննիսյանն է: Մասնակցելու է նաև «Հայրենիքը», իսկ ՀՀԿ-ն դեռ չի որոշել։






































