«Դալմա Գարդեն Մոլն» աջակցության է հայտնել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին։
Առևտրի կենտրոնի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «Դալման» հանդիսանում է «Տաշիր» ընկերությունների խմբի անդամ և նրա ձեռքբերումների հետևում կանգնած է մի մարդ՝ հիմնադիր, անվանի գործարար և բարերար Կարապետյանը։
«Այսօր, երբ մեր հիմնադիրն անցնում է անարդար դժվարություններով, մենք՝ «Դալմա Գարդեն Մոլի» ողջ թիմը, մեր սրտի խորքից աջակցությունն ու համերաշխություն ենք հայտնում պարոն Կարապետյանին՝ ակնկալելով վերջինիս շուտափույթ ազատ արձակումը։ Նա տարիներ շարունակ հանդիսանում է այն առաջնորդը, որի ջանքերով մեր երկրի տնտեսությունն աճել է, ստեղծվել են երկու տասնյակ հազարից ավելի աշխատատեղեր, և համայնքներն զգացել են այդ բարեգործ ձեռքի ջերմությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
Կենտրոնը վստահություն է հայտնել, որ ճշմարտությունն ու արդարությունը կհաղթեն։
«Մենք հավատում ենք նրա ներդրած արժեքներին՝ մարդկայնությանը, արդարությանը և անշահախնդիր նվիրումին մեր երկրի ու ժողովրդի համար»,- հավելել են կենտրոնից։
Կարապետյանը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։ Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը:
ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Խուզարկության մեկնարկից մոտ ութ ժամ անց՝ գիշերը ժամը երեքին, Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս էր եկել իր առանձնատնից և տեղափոխվել ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն, այնուհետև՝ Քննչական կոմիտե:
Ավելի ուշ ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել էր իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով Կարապետյանին կալանավորելու միջնորդության մասին։ Ինքը՝ գործարարը, չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն բոլոր ատյաններում։ Կարապետյանի մամուլի ծառայությունն այս մեղադրանքներն անվանել էր ակնհայտ վախեցնելու և բռնաճշման փորձ։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին: Փաստաբանները բողոքարկել էին նրան կալանավորելու որոշումը։ Հունիսի 23-ին Կարապետյանի պաշտպանը հետ էր վերցրել կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը՝ դատավորի պատճառով։