Իրանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ մարտի 9-ին Հայաստան է վերադարձել ՀՀ երկրորդ քաղաքացին, հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Նրա խոսքով՝ Իրանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով: Դիվանագիտական ներկայացուցչությունն ամեն օր ստանում է մոտ 20-25 դիմում, որոնք հիմնականում վերաբերում են հայ-իրանական սահմանը հատելու հնարավորությանը: Հայաստանի և Իրանի միջև սահմանի անցումն իրականացվում է սովորական ռեժիմով:
ԱԳՆ տվյալներով՝ Իրանում վերջին իրադարձությունների հետևանքով զոհվածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկություններ չկան:
Դիվանագիտական ներկայացուցչություն են շարունակում դիմել նաև օտարերկրյա քաղաքացիներ՝ Հայաստան մուտք գործելու հնարավորության վերաբերյալ հարցերով: Նրանց տրամադրվում են անհրաժեշտ պարզաբանումներ և առաջարկություններ:
Բացի այդ, դեսպանությունն աջակցություն է ցուցաբերում Իրանում հավատարմագրված մի շարք օտարերկրյա ներկայացուցչությունների դիվանագետների և նրանց ընտանիքների անդամներին՝ Հայաստանի տարածքով իրենց հայրենի երկրներ վերադարձի կազմակերպման համար:
Ավելի վաղ Բադալյանը հայտնել էր, որ Իրանում ռազմական գործողությունների սկզբից ի վեր ՀՀ դեսպանություն էր դիմել ՀՀ քաղաքացիություն ունեցող երկու անձ: Նրանցից մեկն առանց խոչընդոտների վերադարձել էր Հայաստան, իսկ երկրորդի վերադարձի կազմակերպման գործընթացը շարունակվում է, դեսպանությունը նրա հետ մշտական կապի մեջ է:
Ավելի ուշ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված թռիչքների չեղարկման հետևանքով Վիետնամում մնացած՝ Հանոյում ՀՀ դեսպանության հետ մինչ այս կապ հաստատած ՀՀ բոլոր քաղաքացիներն այս պահի դրությամբ վերադարձել են ՀՀ:
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։




































