Եվրոպական միության հետ Հայաստանի արագացված մերձեցումը բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային ամբողջ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման վրա, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական խնդիրների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։
Մեկնաբանելով Եվրամիությանն անդամակցելու Երևանի մտադրությունը՝ նա նշել է, որ, ելնելով ԵՄ-ի՝ ագրեսիվ ռազմաքաղաքական բլոկի վերածումից և հաշվի առնելով Ռուսաստանի հետ առճակատմանն ուղղված նրա ռազմավարական կուրսը, «այդ կազմակերպությանն անդամակցելու Հայաստանի հետաքրքրությունը չի կարող անհանգստություն չառաջացնել»:
«Ակնկալում ենք, որ Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր, գիտակցում է Բրյուսելի հետ հարկադրված մերձեցման հնարավոր բացասական հետևանքները ինչպես մեր դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար»,- ընդգծել է Մասլեննիկովը:
Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ Եվրոպական խնդիրների դեպարտամենտի ղեկավարը կրկին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ռուսական կողմը հարգում է ինտեգրացիոն միավորումներին մասնակցելու այլ պետությունների ինքնիշխան իրավունքը, առավել ևս «տնտեսական զարգացման և սեփական բնակչության բարեկեցության բարձրացման համար լրացուցիչ հնարավորություններ ստանալու նրանց ցանկությունը», սակայն Հայաստանի ղեկավարությունն «աներկբա ազդարարում է Եվրամիության հետ առավելագույն մերձեցման շահագրգռվածության մասին»:
Մասլեննիկովի խոսքով՝ Բրյուսելն արդեն սկսել է «Երևանին ակտիվորեն պարտադրել քաղաքականապես մոտիվացված անցում դեպի ԵՏՄ ստանդարտներ, որը սկզբունքորեն հաշվի չի առնում անդրկովկասյան հանրապետության անդամակցությունը ԵՏՄ-ին և դրա հետ կապված պարտավորությունները»:
«Փաստը մնում է փաստ, որ ԵՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցությունն ըստ սահմանման անհնար է»,- արձանագրել է դիվանագետը:
ՀՀ Ազգային ժողովը 2025-ի գարնանն ամբողջությամբ ընդունել էր ԵՄ-ին ՀՀ անդամակցության մասին օրինագիծը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարին ընդգծել էր, որ նախագիծը չի նշանակում Հայաստանի անհապաղ անդամակցում ԵՄ-ին, և վերջին խոսքը պետք է հայտնեն քաղաքացիները՝ հանրաքվեի միջոցով։ Նույն օրը Կրեմլից նշել էին, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ։





































