Հայաստանում վերջին տարիներին արձանագրվող սպանությունների մեծ մասը շարունակում է կրել կենցաղային բնույթ։ Ընտանեկան վեճերը, անձնական թշնամանքը, ալկոհոլի չարաշահումը և սոցիալական լարվածությունը շարունակում են լինել նման հանցագործությունների հիմնական պատճառները։
Միայն 2022թ. առաջին կեսին արձանագրվել է 8 սպանություն, որոնք կապված էին ընտանեկան բռնության հետ, իսկ 2024թ. այդ թիվը հասել է 13-ի՝ համաձայն ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի տարեկան հաշվետվության։ Միևնույն ժամանակ, արձանագրվել է ընտանեկան բռնության ընդհանուր դեպքերի կտրուկ աճ՝ 2023թ. 508-ից մինչև 2024թ. 1360 (+167%), ինչը վկայում է խնդրի սրման մասին:
Բացի այդ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) 2021թ. տվյալներով՝ Հայաստանում կանանց շուրջ 17,2%-ը հայտնել է, որ ենթարկվել է ընտանեկան բռնության, ինչը հաստատում է, որ խնդիրը չի սահմանափակվում առանձին դեպքերով, կրում է համակարգային և զանգվածային բնույթ։
Թեև իրավապահ մարմինները պարբերաբար խոսում են կանխարգելիչ քայլերի մասին, վիճակագրական տվյալները վկայում են, որ խնդիրը դեռևս չի հաջողվում լուծել համակարգային մակարդակով։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ կենցաղային բնույթի սպանությունները շարունակում են գերակշռել Հայաստանում, և այդ վտանգավոր դինամիկան պահպանվում է։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է վերանայել ինչպես իրավապահ համակարգի մոտեցումները, այնպես էլ հասարակության մեջ բռնության հանդեպ ձևավորված անտարբեր վերաբերմունքը։
Նախարարի խոսքով՝ եթե համաշխարհային մակարդակում 100 000 բնակչի հաշվով միջինում 5,8 սպանության դեպք է արձանագրվում, 2021-ին Հայաստանի դեպքում այս ցուցանիշը է 2 էր, 2022-ին` 1,9, 2023-ին՝ 1,8, 2024-ին՝ 2:
Armenia Today-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս պետք է պետությունը, ոստիկանությունը պայքարեն այս երևույթի դեմ:
Հարցվածների մեծամասնությունը պատասխանել է, որ պետությունն ու ոստիկանությունը լուրջ քայլեր չեն ձեռնարկում, որպեսզի կենցաղային բնույթի սպանությունների թիվը նվազեցնեն։
«Մարդ վախենում է երեկոյան ժամերին տնից դուրս գա: Միայն փող աշխատելով չէ, աշխատավարձ ստանան, գնան, նստեն իրենց տներում»,- ասել է քաղաքացին։
Մեկ ուրիշի խոսքով՝ ոստիկանությունը պետք է օպերատիվ աշխատի և տվյալներ գրանցի, թե որտեղ, ինչպիսի հանցագործությունների վտանգ կա:
«Այս պահին ցուցանիշները ցույց են տալիս, որ ոստիկանության աշխատանքը թերի է»,- նշել է հարցման մասնակիցներից մեկը:
Մեկ այլ քաղաքացի էլ վստահեցրել է, որ իշխանության հեռանալուց հետո ամեն ինչ լավ կլինի։
Հարցման մասնակիցներից ոմանք նշել են, որ կենցաղային բնույթի սպանությունները կապված են մարդկանց սոցիալական պայմանների հետ:
«Պետությունը պետք է մարդկանց սոցիալական պայմանները բարելավի, դպրոցներում ճիշտ կրթություն ու դաստիարակություն տան»,- հավելել է քաղաքացին:
Մանրամասները՝ տեսանյութում։



































