Նոյեմբերի 4-ին Հանրապետության հրապարակում պիկետ է անցկացվել ընտանեկան բռնությունից փախած և Հայաստանում սպանված չեչենուհի Այշատ Բայմուրադովայի հիշատակին։
Հոկտեմբերի 19-ին նրա մարմինը՝ բռնության հետքերով, հայտնաբերվել էր Երևանում վարձակալված բնակարանում։ Ենթադրվում է, որ Բայմուրադովան, այսպես կոչված, «պատվի սպանության» զոհ է դարձել։
Ցուցարարները, որոնց թվում էին ինչպես ռուսներ, այնպես էլ հայեր, պահանջել են, որ իշխանություններն անկախ և արդար հետաքննություն անցկացնեն Բայմուրադովայի սպանության հանգամանքների վերաբերյալ։ Ցուցարարները պահանջել են չեղարկել «երեք օրվա մասին օրենքը», որը հետաձգում է անհետ կորած անձանց որոնումների սկիզբը, և կոչ են արել Հայաստանի իշխանություններին ապահովել Հյուսիսային Կովկասի հանրապետություններից եկած կին փախստականների պետական պաշտպանությունը։
Ակտիվիստները նաև կոչ են արել Բայմուրադովայի սպանության դեպքն ավելի լայնորեն լուսաբանել հայկական լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում։
Ավելի վաղ բացահայտվել էր Բայմուրադովայի ենթադրյալ մարդասպաններից երկուսի ինքնությունը։ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ղրղզստանում ծնված Կարինա Իմինովան Չեչնիայում ծնված Սաիդ-Խամզատ Բայսարովի ուղեկցությամբ լքել էր այն բնակարանը, որտեղ գտնվել է աղջկա մարմինը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ երկու երիտասարդն էլ կարողացել են առանց խոչընդոտի լքել Հայաստանը և պաշտոնապես չեն համարվում կասկածյալներ։






































