Երևանում Armenia Today-ի հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը քննադատել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանավորումը՝ անվանելով այն «անմտություն», «անհիմն» և «անխղճություն»։
Հարցման մասնակիցները կարծիք են հայտնել, որ Կարապետյանի կալանավորումը ՀՀ իշխանություններն իրականացրել են Թուրքիայի և Ադրբեջանի հանձնարարությամբ։
Հարցմանը մասնակցած 42 քաղաքացիներից միայն երկուսն են դրական կարծիք հայտնել Կարապետյանի ձերբակալության վերաբերյալ՝ հայտարարելով, որ նա որոշել է մտնել քաղաքականություն, իսկ իրենք աջակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ազգայնացնելու մտադրությունը նրանցից շատերը Հայաստանի միջազգային հեղինակության համար վտանգավոր են համարում։
«Խայտառակ են անելու Հայաստանին ամբողջ աշխարհով»,- նշել է քաղաքացիներից մեկը՝ կարծիք հայտնելով ՀԷՑ-ն ազգայնացնելու իշխանությունների մտադրության մասին։
Քաղաքացիների կարծիքով՝ ազգայնացումը կարող է առաջ բերել տարբեր ռիսկեր, որոնք իշխանությունները, մեծ հավանականությամբ, հաշվի չեն առել։
«Իրա հոր դուքյանը չի, որ վերցնի՝ ազգայնացնի»,- ասել է հարցմանը մասնակցած քաղաքացիներից մեկը։
Կարապետյանը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։ Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը:
ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Խուզարկության մեկնարկից մոտ ութ ժամ անց՝ գիշերը ժամը երեքին, Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս էր եկել իր առանձնատնից և տեղափոխվել ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն, այնուհետև՝ Քննչական կոմիտե:
Ավելի ուշ ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել էր իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով Կարապետյանին կալանավորելու միջնորդության մասին։ Ինքը՝ գործարարը, չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն բոլոր ատյաններում։ Կարապետյանի մամուլի ծառայությունն այս մեղադրանքներն անվանել էր ակնհայտ վախեցնելու և բռնաճշման փորձ։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին:
Մանրամասները՝ տեսանյութում։