«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվել է, հայտնել է փաստաբան Արմեն Ֆերոյանը։
Նա «աբսուրդի գագաթնակետ» է անվանել Կարապետյանի կալանքը և նշել փաստական հանցակազմի բացակայության մասին։
«Ապօրինությունը գերակայեց, պարոն Կարապետյանին ապօրինի որոշմամբ կալանավորեցին։ Մեր պայքարը շարունակվելու է, մենք բողոքարկելու ենք»,- ասել է նա։
Փաստաբան Ռուբեն Հակոբյանն ընթերցել է ներկաներին ուղղված Կարապետյանի ուղերձը, որում գործարարը շնորհակալություն է հայտնել՝ իր ու ընտանիքի կողքին լինելու և աջակցելու համար։
«Ցավոք, դատարանը վառ օրինակ ծառայեց օրենքի և իրավական երկիր ունենալու հույսով ապրող մեր ազգին։ Ապացուցեց, որ դեռևս ընդունակ չէ գործել ինքնուրույն՝ հանուն արդարության և առանց հանձնարարությունների»,- նշել է Կարապետյանը։
Նա շեշտել է, որ ապօրինի կալանքով, շինծու մեղադրանքով իրեն չեն կարող ճնշել, շեղել որդեգրած սկզբունքներից։
«Միշտ լինելու եմ ժողովրդիս, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու կողքին, ջանք ու եռանդ չեմ խնայել ու չեմ խնայելու հայրենիքիս և հայության կյանքը բարելավվելու, բարեկեցիկ և անվտանգ ապագա կերտելու համար։ Մենք պառակտող չենք, այլ ազգը համախմբող ենք, ամուր եղեք, մեր հաղթանակին այլընտրանք չկա։ Առաջ Աստված»,- ուղերձում ասել է նա։
Կարապետյանը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների արշավը, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։
ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Գործարարի եղբայրը՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը, հայտնել էր, որ ավելի քան 45 անձ է բերման ենթարկվել, այդ թվում՝ ձեռքի կոտրվածքներով։ Կարապետյանի առանձնատան մոտ հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքվել՝ աջակցություն հայտնելու նրան։
Հունիսի 18-ի գիշերը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին իր տնից բերման էին ենթարկել ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։
Ավելի ուշ ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել էր իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով Կարապետյանին կալանավորելու միջնորդության մասին։ Ինքը՝ գործարարը, չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն բոլոր ատյաններում։ Կարապետյանի մամուլի ծառայությունն այս մեղադրանքներն անվանել էր ակնհայտ վախեցնելու և բռնաճշման փորձ։