Քննչական կոմիտեն «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
ՔԿ խոսնակը տեղեկացրել է, որ Կարապետյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Ավդալյանը հավելել է, որ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային լրատվության միջոցներով իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր, առավելագույն պատիժը՝ ազատազրկում 5 տարի ժամկետով- խմբ․)։
«Նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Ս.Կ.-ն զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ»,- մանրամասնել են ՔԿ-ից։
Կարապետյանը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների արշավը, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։
ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Գործարարի եղբայրը՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը, հայտնել էր, որ ավելի քան 45 անձ է բերման ենթարկվել, այդ թվում՝ ձեռքի կոտրվածքներով։ Կարապետյանի առանձնատան մոտ հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքվել՝ աջակցություն հայտնելու նրան։
Հունիսի 18-ի գիշերը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին իր տնից բերման էին ենթարկել ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։
«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ, ինչքան էլ փորձեն սևացնել։ Թքած ունեմ ցանկացած ՀԷՑ-երի վրա, ամեն ինչ լավ է լինելու։ Ժողովուրդն իր խոսքը կասի, իրենք հասկանալու են: Չմոռանաք, բոլորին դաս կտանք»,- նախքան ոստիկանություն տեղափոխվելը՝ իր տան մոտ հայտարարել էր Կարապետյանը:
Կարդացեք նաև