Ուժային կառույցները «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի տան մոտ բերման են ենթարկել ավելի քան 50 մարդու, պահել նրանց սահմանված ժամկետից երկար և կիրառել անհամաչափ հարկադրանքի միջոցներ, ՔԿ շենքի դիմաց հայտարարել է Կարապետյանի փաստաբաններից Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով՝ խախտվել է նաև բնակարանի անձեռնմխելիության իրավունքը:
«Համոզված ենք և ընթացքում բոլորդ էլ կհամոզվեք, որ և՛ քրեական վարույթ նախաձեռնելը, և՛ հարկադրանքի միջոց կիրառելը, և՛ հանրային քրեական հետապնդում հարուցելը, ինչպես նաև մեղադրանք ներկայացնելը կրում են բացարձակ ապօրինի բնույթ: Ինչպես Կարապետյանը հայտարարել է վարութային գործողությունների ընթացքում, աբսուրդի ժանրից է»,- ասաց Հակոբյանը:
Կարապետյանը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների արշավը, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։
ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Գործարարի եղբայրը՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը, հայտնել էր, որ ավելի քան 45 անձ է բերման ենթարկվել, այդ թվում՝ ձեռքի կոտրվածքներով։ Կարապետյանի առանձնատան մոտ հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքվել՝ աջակցություն հայտնելու նրան։
Հունիսի 18-ին՝ գիշերը, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին իր տնից բերման էին ենթարկել ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Նրան մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար: Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում: Նա հայտարարել է, որ չի հրաժարվելու իր սկզբունքներից ու արժեքներից: