ՀԱԵ Արագածոտնի թեմը դատապարտում է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Դատարանը դեկտեմբերի 13-ին բավարարել էր Քննչական կոմիտեի միջնորդությունը:
«Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող այս բռնաճնշումը և կայացված ապօրինի որոշումը, անընդունելի է համարում թեմակալ առաջնորդի կալանքի տակ գտնվելու փաստը»,- ասված է թեմի հայտարարության մեջ:
Արագածոտնի թեմը վերահաստատել է, որ եպիսկոպոսի նկատմամբ կիրառվող բոլոր մեղադրանքները շինծու են և անհիմն:
«Լիահույս ենք՝ արդարությունը շուտով կվերականգնվի և աղոթում ենք առ Աստված՝ այդ արդարության վերականգնման ու սիրելի առաջնորդի վերադարձի համար»,- նշել են թեմում:
Եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել էր հոկտեմբերին, նա մեղադրվում է ընտրական իրավունքին խոչընդոտելու (իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով) և հավաքներին մասնակցելուն հարկադրելու մեջ՝ (կրկին լիազորություններն օգտագործելով):






































