Հաղարծինում տեղի ունեցած ավտոբուսի վթարի առնչությամբ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, Armenia Today-ը տեղեկացել է ՔԿ-ից։
Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարով-խմբ․):
ՔԿ-ից հավելել են, որ որոշումներ են կայացվել դատաբժշկական փորձաքննություններ նշանակելու մասին, նախաքննությունը շարունակվում է:
Նոյեմբերի 2-ին Հաղարծին վանական համալիրի մոտակայքում շրջվել էր Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներին տեղափոխող ավտոբուսը։ Նոյեմբերի 3-ին ՀՀ առողջապահության նախարարությունից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ 30 տուժածից 27-ը դուրս է գրվել, 3-ը հիվանդանոցում է, նրանց վիճակը միջին ծանրության է։






































