Անհրաժեշտ է գյուղում արտադրություն հիմնել, նոր աշխատաեղեր ապահովել, հայտարարել է «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ Շիրազ Մանուկյանը։ Նա մատնանշել է Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի օրինակը, որի ընտանիքների մեծ մասի տղամարդիկ մեկնել են արտագնա աշխատանքի։
Մանուկյանի խոսքով՝ 5000 բնակչություն ունեցող գյուղում չկա որևէ ընտանիք, որտեղ տան տղամարդը չմեկնի արտագնա աշխատանքի։
«Մարդիկ ստիպված են մեկնել արտագնա աշխատանքի, որովհետև գյուղում աշխատանքի շատ մեծ խնդիր կա, գյուղն արտադրություն չունի, և հիմնական զբաղվածությունն ընտանիքի ֆերմերային տնտեսությունն է, այս դեպքում՝ անասնապահությունը, նաև համայնքային ծառայությունը՝ գրադարան, դպրոց, բուժկետ»,- մանրամասնել է նա։
Մանուկյանը նաև նշել է, որ ապրիլից գյուղում սկսել են նոր դպրոցի կառուցման աշխատանքներ, որի համար պետությունը տրամադրել է մոտ 2 մլրդ 490 մլն դրամ։ Նա առաջարկել է նոր դպրոց կառուցելու համար պետության կողմից տրամադրված գումարով վերանորոգել տեղի դպրոցը, ստեղծել գոնե մեկ արտադրություն, որը կունենար 300 աշխատատեղ և լուծել արտագնա աշխատանքի խնդիրը։
«Առաջնահերթ պետք է փրկել գյուղը, գյուղացու հոգսը թեթևացնել է պետք»,- հավելել է նա։
Մանուկյանը Գառնահովիտ գյուղի օրինակով ներկայացրել էր, թե ինչպես կարելի է լուծել տեղում աշխատատեղերի խնդիրը:
Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հոկտեմբերի 30-ին իշխանություններին մեղադրել էր սխալ առաջնահերթությունների մեջ՝ շեշտելով, որ դպրոցներ կառուցելուն զուգահեռ պետք է նաև աշխատատեղեր բացել:
Կարապետյանն օգոստոսի 4-ին առաջարկել էր Վանաձորում երկու արդյունաբերական նախագիծ իրականացնել՝ պարարտանյութերի արտադրության քիմիական գործարանի վերականգնում և քաղաքում նավթի վերամշակման կենտրոնի ստեղծում:
«Մեր ձևով»-ն առաջարկել էր նաև Մեղրիի զարգացման ծրագիր՝ շեշտը դնելով էներգետիկայի, լոգիստիկայի և բնակարանաշինության վրա։ Առաջարկել են նաև Գեղարքունիքի մարզի զարգացման նախագիծ՝ շեշտը դնելով Սևանում ձմեռային զբոսաշրջության և ձկնաբուծության վրա, ինչպես նաև Հայաստանի քաղաքներում ու գյուղերում գործազրկության կրճատման ծրագիր: Շարժումը տեղեկացրել էր Ալավերդու կենտրոնական զբոսայգու վերակառուցման ծրագրերի մասին:



































