Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ բանկերը ժամանակավորապես սառեցրել են զեղծարարություններից տուժած ավելի քան 500 քաղաքացու վարկային պարտավորությունները։
«Երկու բանկ՝ 3, մեկ բանկ՝ 5 տարով սառեցրել են զեղծարարություններից տուժածների վարկային պարտավորությունները։ Այդ ընթացքում բանկերից չեն անհանգստացնի քաղաքացիներին, մինչև իրավապահները կպարզեն, թե ինչ է տեղի ունեցել՝ ով, որտեղ, ինչ սխալ է արել»,- մանրամասնել է ԿԲ փոխնախագահը։
Նա տեղեկացրել է, որ զեղծարարություններից տուժածները պետք է մոտենան բանկեր և համաձայնագրեր կնքեն։
Նուրբեկյանը նաև նշել է, որ ԿԲ-ն ավարտել է բանկերում իրականացրած ուսումնասիրությունը, որով նպատակ ունեին պարզել, թե արդյոք անվտանգության հետ կապված օրենքների անհամապատասխանության պատճառո՞վ են քաղաքացիները զեղծարարությունների բախվել։
«Մեր նախնական դիտարկմամբ՝ օրենքների անհամապատասխանություններ չեն գրանցվել։ Ճնշող մեծամասնության դեպքում քաղաքացիներն են իրենց անձնական տվյալները փոխանցել»,- հավելել է նա։
Նուրբեկյանը նաև ընդգծել է, որ բանկերին հորդորել են զեղծարարությունների դեպքերը նվազեցնելու համար նոր կարգավորումներ մշակել՝ չբացառելով նաև ապահովագրության մեխանիզմի ներդնումը, ըստ որի՝ բանկերը կսահմանեն գումարի որևէ շեմ և զեղծարարության դեպքում կփոխհատուցեն քաղաքացուն։
Զեղծարարություններից տուժածներն ավելի քան 2 ամիս է՝ ակցիաների միջոցով պահանջում են սառեցնել զեղծարարության հետևանքով առաջացած վարկային պարտավորությունները։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը մարտին հայտարարել էր, որ վարկային խաբեությունների բոլոր դեպքերն ուսումնասիրելու են։ Մայիսի 6-ին նա տեղեկացրել էր, որ ԿԲ-ն բանկերին հորդորել է սառեցնել զեղծարարությունների հետևանքով հաստատված գործարքներից բխող վարկային պարտավորությունները։ Մայիսի 13-ին, սակայն, քաղաքացիներն ահազանգել էին, որ իրենց վարկերը չեն սառեցրել։